ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Հայաստանի հարցով, հայտնել Է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
«Հայկական կողմի խնդրանքով այսօր՝ ժամը 18:30-ին (Մոսկվայի ժամանակով), այժմ ժամանակն է համաձայնեցվում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը։
Նա հայտնել է, որ քննարկվելու է Հայաստանի հարցումը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։
Ռուս պաշտոնյան հայտնել է, որ քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով։ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը հաղորդագրություն կտարածի ընդունված որոշումների մասին։ Առանձին հայտարարություն կարող է տարածել նաև ռուսական կողմը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։