ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական թշնամանքի սրումը պետք է անհապաղ դադարեցվի։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Լեհաստանի ԵԱՀԿ նախագահությունը։
«Դիվանագիտական ճանապարհին ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնվի։ Նախագահությունն առաջվա պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել կայուն լուծման հասնելու գործում»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։