Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի որոշ բնակավայրերում խաթարվել է կրթության իրավունքը

Դպրոց. Արխիվային լուսանկար
Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության կտրամադրվի արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այսպես է արձագանքել սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված ադրբեջանական ագրեսիային։

«Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով»,–ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։