Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Գեղարքունիքի գյուղերի վրա Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ–ներ է կիրառում. կան ավերված տներ

Ամենաինտենսիվը կրակում են Սոթքի, Կութի, Նորաբակի վրա։ Այս գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը հրետանի է կիրառոմ։ Գեղամասար գյուղի կողմում ԱԹՍ–ներ են աշխատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վարդենիսի շրջանի մի քանի գյուղեր այս պահին ինտենսիվ հրետակոծության տակ են։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց տեղի բնակիչներից մեկը, ով կապի մեջ է հարևան գյուղերի հետ։
«Սոթքում ավերված տներ կան, Կութում 1 վնասված տուն կա։ Սոթքի, Կութի վրա, Նորաբակի ուղղությամբ հենց գյուղերի` խաղաղ բնակչության վրա են կրակում»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա տեղեկություններով` ամենաինտենսիվը կրակում են Սոթքի, Կութի, Նորաբակի վրա։ Այս գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը հրետանի է կիրառոմ։ Գեղմասար գյուղի կողմում ԱԹՍ–ներ են աշխատում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: