ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամությսւն է հայտնել զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նախագահ Մակրոնը պատրաստ է մտքերի փոխանակում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը մինչ այդ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես նշել է դիվանագետը, Ֆրանսիան կոչ է անում «պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։