ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Կիպրոսի արտգործնախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման առնչությամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի ԱԳՆ–ն` անդրադառնալով ադրբեջանական կողմի հարձակողական քայլերին։
«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և լարվածությունը արագ թուլացնելու համար կոչ է անում պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը։ Կիպրոսը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիման վրա»,- նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։