Բուրիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը
Բուրիչն ընդգծել է, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը խոստացել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ուստի այդ պարտավորությունը պետք է հարգվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են։ Նման հայտարարություն է արել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
«Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,–ասել է նա։
Բուրիչն ընդգծել է, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանն ու Ադրբեջանը խոստացել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ուստի այդ պարտավորությունը պետք է հարգվի։
«Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորման հասնելուն»,–ասել է նա:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։