Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը հերթական ագրեսիան է իրականացրել Հայաստանի դեմ. Ռուսաստանի հայերի միություն

Արա Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Կազմակերպության համոզմամբ` Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ օգտագործեն պետությանը հասանելի բոլոր ռեսուրսները և կոչ անեն միջազգային կառույցներին օբյեկտիվ գնահատական տալ Բաքվի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը հայկական բնակավայրերի վրա։
«Կատարվածը պաշտոնական Բաքվի հետևողականորեն մարդատյաց և գիշատիչ քաղաքականության ևս մեկ դրսևորում է: Այս անգամ կեղծավորաբար թաքնվելով «խաղաղության» թեմայի հետևում հերթական ագրեսիան է իրականացվել՝ այժմ ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ», - ասել է միության հայտարարության մեջ։
Կազմակերպության համոզմամբ` Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ օգտագործեն պետությանը հասանելի բոլոր ռեսուրսները և կոչ անեն միջազգային կառույցներին օբյեկտիվ գնահատական տալ Բաքվի գործողություններին, գտնել արդյունավետ մեխանիզմներ Ադրբեջանին քաղաքակիրթ վարքագիծ պարտադրելու համար։
«Մենք կարծում ենք, որ այդ ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի Դաշնության դեմ, որը պարտավորված է Հայաստանի հետ պայմանագրային դաշնակցային պարտավորություններով, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Միությունը կոչ է արել հայրենակիցներին, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ երիտասարդության ներկայացուցիչներին, չտրվել հակառակորդի հնարավոր սադրիչ հնարքներին, ինչպես նաև նրանց ենթակա սոցկայքերին ու տեղեկատվության այլ կասկածելի աղբյուրներին։
ՌՀՄ-ն կոչ է արել Հայաստանի հայրենակիցներին և բարեկամներին համախմբվել հանուն անվտանգության ապահովման։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: