Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի հարձակման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել վիրավորների թվի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 3 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։