ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրետակոծությունը Սոթք գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հենց այս պահին էլ հակառակորդը հրետակոծում է։
Հիմնականում հարվածում են տների ուղղությամբ` 30-ամյա մի տղամարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Վնասվել է գյուղապետարանի շենքը, ինչպես նաև բնակելի մի քանի տուն։
Կանայք և երեխաները տարհանվել են, տղամարդիկ մնացել են գյուղում։
Թղթակցի հետ զրույցում բոլորն ասել են, որ չեն լքի գյուղը ինչ էլ որ լինի։
Գյուղապետարանի հրետակոծված շենքը Սոթքում
© Sputnik
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: