ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Զենքի կրումը Հայաստանում ոչ թե ազատականացվում է, այլ խստացվում։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» աղմկահարույց օրինագծի համահեղինակ, ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` արձագանքելով հանրային ընկալման մասին հարցին։
«Ներկայում ՀՀ–ում 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համապատասխան բուժզննում անցնել, ներկայացնել տեղեկանքներ, լինել որսորդմիության անդամ, դիմել ոստիկանություն և ստանալ ողորկափող հրազեն։ Մեր առաջարկած նախագծով 18 տարին լրացած քաղաքացու համար մենք ներդնում ենք քննական կարգ, որը ենթադրում է տեսություն և պրակտիկա»,– ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ նախագծի նպատակն է բարձրացնել քաղաքացու պատասխանատվությունը զենքի նկատմամբ, ինչպես նաև զենքի հետ վարվելու կանոնների իմացությունը։
Պատգամավորը նշեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` օրինական ակոսափողով հրազենով կատարված հանցագործությունները կազմում են ընդհանուրի 1.4 տոկոսը, ողորկափողով հրազենով կատարվածները` 3 տոկոսը։
Օրինագծի հեղինակը չբացառեց` կարգավորման արդյունքում հնարավոր է այս վիճակագրությունն ավելանա։
«Բայց նաև հենց դրա համար է քննական կարգը ներդրվում, որպեսզի այդ ռիսկը շատ ավելի վերահսկելի լինի»,– ասաց պատգամավորը։
Նշենք, որ օրինագծում բերված պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում Հանրապետությունում հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք: