Նույնականացման քարտի հետ քաղաքացուն էլհասցե է տրվում. գրեթե 100 տոկոսը դրանից չի օգտվում

Նույնականացման քարտ. Արխիվային լուսանկար
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց, որ վարկային պայմանագրով նախատեսվում է պետության շուրջ 400 ծառայություններ հավաքել 1 էլեկտրոնային հարթակի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում նույնականացման քարտ ստացող յուրաքանչյուր քաղաքացի պետությունից նաև էլեկտրոնային հասցե է ստանում։ Բայց այդ հասցեից ոչ միայն օգտվողներն են շատ քիչ, այլև նույնիսկ դրա մասին իմացողները։
Այսօր ԱԺ–ում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը` Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը քննարկելու ժամանակ:
«Պետություն և քաղաքացի հարաբերությունները պետք է լինեն էլեկտրոնային։ Ցանկացած անձ ՀՀ–ում, ով ունի նույնականացման քարտ, ունի նաև էլեկտրոնային հասցե։ Բայց 99.9 տոկոսը տեղյակ չեն, որ պետությունն իրենց էլեկտրոնային հասցե է տվել։ Հետևաբար, պետք է օրենքում մի փոքր փոփոխություն կատարել և պետության ու քաղաքացու ամբողջ փոխհարաբերությունն էլեկտրոնային դարձնել»,– ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի ներկայացրած ամենամոտավոր հաշվարկով պետությունը միայն փոստային առաքումների վրա տարեկան 3-5 մլն դոլար է ծախսում։ Ընդ որում, փոստային ծանուցումնրը 30-40 տոկոս դեպքերում հասցեատեերին չեն հասնում, և քաղաքացին անհրաժեշտ ծանուցումը չի ստանում։ Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ծանուցումներ չստանալու տարբերակը գրեթե կբացառվի։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մանրամասնելով վարկային պայմանագրի պայմանները, նշեց, որ այն նախատեսում է պետության շուրջ 400 ծառայություններ հավաքել 1 էլեկտրոնային հարթակի մեջ։
Կարեն Անդրեասյանը մեկնել է Խորվաթիա՝ ուսումնասիրելու էլեկտրոնային արդարադատության փորձը
«Մեկ անգամ նույնականացվելով ու հարթակ մուտք գործելով` քաղաքացին կկարողանա ստանալ պետական մարմինների բոլոր ծառայությունները առցանց տարբերակով»,– ասաց Մուրադյանը` հավելելով, որ վարկային ծրագրով նախատեսվում է պարզեցնել նաև էլեկտրոնային ստորագրության համակարգը, որն այսօր պետական առցանց գործառույթների դեպքում պարտադիր պայման է, ու շատ հաճախ խոչընդոտում է ՀՀ շարքային քաղաքացիներին պետական մարմիններին դիմելիս։
Նշենք, որ վարկային համաձայնագիրը Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև վերահաստատվել է 2021թ. նոյեմբերի 1-ին։
Վարկային համաձայնագրով նախատեսվում է 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել պետական հատվածի արդիականացման գործընթացում։