ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Լոգաչևկա գյուղի սահմանային կետի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել են: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ինչ վերաբերում է Լոգաչևկայում տիրող իրավիճակին։ Ցավոք, զոհ է եղել։ Զոհվել է Ուկրաինայի 1942 թվականին ծնված քաղաքացի։ Վալույի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել նաև 4 տուժածներ՝ միջին ծանրության վնասվածքներով։ Նրանցից երեքը Ուկրաինայի քաղաքացիներ են, մեկը՝ Լոգաչևկայի բնակիչ է։ Նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում», - նշել է Գլադկովը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ գյուղում կան տնտեսվարողների ու տների մասնակի ավերածություններ, վնասվել են ավտոմեքենաներ ու էլեկտրահաղորդման գծեր:
«Վթարային ծառայություններն այժմ անջատել են գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Քաղաքային օկրուգի ղեկավարն իր վրա է վերցնում ամեն ինչ հնարավորինս կարճ ժամկետներում վերականգնելու պարտավորությունները», - ընդգծել է Գլադկովը:
Նշենք, որ Բելգորոդի շրջանը բազմիցս գնդակոծությունների է ենթարկվել Ուկրաինայի կողմից, տարածաշրջանում ապրիլի 11-ից ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ է գործում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։