Կիևը Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանում մեծ հարձակում է պատրաստում. Ռոգով

Մեծ թվով HIMARS տեսակի հրթիռային զենք և М 777 հրետանի է տեղափոխվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանում մեծ գրոհի է նախապատրաստվում։ Այս մասին հայտարարել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
«Զելենսկու գրոհայինները շարունակում են միջուկային ահաբեկչությամբ զբաղվել, բացի այդ այժմ մեծ հարձակում են նախապատրաստում ատոմակայանի տարածքում, անցատեղիների շրջանում և մի փոքր դեպի արևելք։ Մեծ թվով HIMARS տեսակի հրթիռային զենք և М 777 հրետանի է տեղափոխվում», – «Россия 1» հեռւոստաալիքի եթերում ասել է Ռոգովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն Կիևին տվյալներ է փոխանցում Զապորոժիեի ԱԷԿ–ի օբյեկտները գնդակոծելու համար։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։