Գործադուլը չենք դադարեցնի. «Փեթակի» աշխատակիցները գրավոր դիմել են Փաշինյանին

«Փեթակի» աշխատակիցները գրավոր դիմել են Փաշինյանին
Առևտրի կենտրոնի աշխատակիցները հույս ունեն, որ կառավարությունից շատ արագ կարձագանքեն իրենց դիմումին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները կառավարությունում ոչ թե հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ գրավոր դիմում ուղղել նրան։ Կառավարությունից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնեց առևտրի կենտրոնի ԱՁ ղեկավարներից մեկը։
Հայտնել էինք, որ այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ են հավաքվել «Փեթակի» տնտեսվարողները։ Նրանք 3 օր է, ինչ գործադուլ են անում` պահանջելով երկկողմանի բացել առևտրի կենտրոն տանող փողոցը։
«Կառավարության ընդունարանում մեր պահանջը լսեցին, և գրավոր դիմում ենք գրել վարչապետին։ Պահանջել ենք հարցին լուծում տալ, այսինքն` բացել առևտրի կենտրոն տանող Քրիստափոր փողոցը»,–ասաց տղամարդը։
Առևտրի կենտրոնի աշխատակիցները հույս ունեն, որ շատ արագ կարձագանքեն իրենց դիմումին, քանի որ բոլորը գիտեն, որ իրենք օրավարձով աշխատող մարդիկ են։
«Փեթակի» աշխատակիցները հայտնեցին, որ գործադուլը շարունակելու են` սպասելով Փաշինյանի պատասխանին։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` ասելով, որ անգործ են մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։