ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 24 միլիոն դրամ գումարի դիմաց մեկ զինվորի ծառայությունից ազատվելը հնարավորություն կտա 2 արհեստավարժ զինվորական ունենալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով վերջին շրջանում բուռն քննարկվող նախագծին։
Նշենք, որ ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։
«Հզոր բանակ ունենալու համար պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա։ Շատ մարդիկ մինչ օրս տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից. կարծում եմ, որ այդ գումարը թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե այսպիսով բանակայինների թիվը չի՞ պակասի Հայաստանում` ԱԺ նախագահը պատասխանեց, որ մի զինվորի` նման կերպով ազատվելը, հնարավորություն կտա 2 արհեստավարժ զինվոր ունենալ, որոնք ավելի մարտունակ կլինեն։
ԱԺ նախագահի կարծիքով շատերը չեն կարողանա օգտվել գումարի դիմաց ծառայությունից ազատվելու հնարավորությունից։