ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին կառաջարկի հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Hurriyet պարբերականին։
«Էրդողանի և Պուտինի հանդիպման ամենակարևոր թեման կլինի իրավիճակն Ուկրաինայում։ Էրդողանը իր ռուս գործընկերոջը մեսիջ կփոխանցի, որ Թուրքիան շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը դադարեցնելու և միջնորդական նախաձեռնությունների շրջանակում կայուն հրադադարի հասնելու համար»,-գրում է Hurriyet-ը։
Պարբերականը նշում է նաև, որ Էրդողանը Պուտինին կրկին կառաջարկի կազմակերպել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ շեշտը դնելով դիվանագիտական որոշման վրա:
Բացի այդ, թերթի տվյալներով, կողմերը կքննարկեն Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունը։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի և ՌԴ ղեկավարների առաջիկա անձնական հանդիպման օրակարգի գլխավոր կետերից մեկը լինելու է «հացահատիկային միջանցքի» գործունեությունը։
«Պուտինի այն հայտարարությունից հետո, որ «ցավոք, հացահատիկը գնում է ապահով երկրներ», Էրդողանը կխնդրի, որ ռուսական ապրանքները միջանցքով ուղարկվեն Թուրքիայի համակարգմամբ»,-հստակեցրել է պարբերականը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում մեկնաբանելով ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը, հայտարարել էր, որ եվրոպական երկրները շարունակում են գործել որպես գաղութարարներ՝ հերթական անգամ խաբելով զարգացող երկրներին: Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի տարածքից արտահանված գրեթե ամբողջ հացահատիկն ուղարկվել է ոչ թե զարգացող երկրներ, այլ ԵՄ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով 87 նավերից միայն 2-ն են ուղարկվել կարիքավոր երկրներ: