ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում չգրանցված աշխատողներին բացահայտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին իրավունք վերապահել ստուգվող հիմնարկ այցելել առանց գործատուին 3 օր առաջ նախապես տեղյակ պահելու։
«Երբ դուք որևէ ծառայություն մատուցողի նախապես տեղեկացնում եք, որ ամսի 17-ին ես գալիս եմ ձեզ մոտ հանձնարարագրով, որպեսզի ստուգաթերթով նախատեսված ստուգում իրականացնեմ, որի կետերից մեկն էլ թաքնված աշխատուժի բացահայտումն է, բնականաբար, ովքեր առանց պայմանագրի են աշխատում, այդ օրն աշխատանքի չեն գա, և հետևաբար, իրական պատկերը, թե ինչքան ստվերային աշխատողներ կան, տեսչական մարմինն այդպես էլ չի ունենա»,– իր ելույթում ասաց նախագծի համահեղինակ Հերիքնազ Տիգրանյանը` ներկայացնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Պատգամավորը հիշեցրեց, որ եռօրյա իրազեկման նորմն այսօր արդեն որոշ դեպքերի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խաղատներում ստուգումների և մի շարք այլ դեպքերում չի գործում։ Հետևաբար, իրենք առաջարկում են նման բացառություն սահմանել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` թաքնված զբաղվածության բացահայտմանն ուղղված ստուգումների համար։