ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ խնամակալության ժամանակ տարած վիրավորանքի պատճառով հնարավոր է, որ այլևս չկարողանա ելույթ ունենալ բեմում, գրում է Rolling Stone պարբերականը։
«Ես խորը վիրավորվել եմ և ջղային եմ. հնարավոր է` նորից բեմ դուրս չգամ պարզապես այն պատճառով, որ համառ եմ»,–սոցցանցերում հայտարարել է երգչուհին:
Ավելի ուշ Սփիրսը հեռացրել է այդ գրառումը սոցիալական ցանցի իր էջերից։
Rolling Stone-ը նշել է, որ Բրիթնի Սփիրսի վերջին ելույթը Լաս Վեգասում տեղի է ունեցել 2017 թվականին: Վեց տարի ընդմիջումից հետո նախորդ ամիս երգչուհին թողարկեց նոր երգ` բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հետ զուգերգով հանդես եկավ ու կատարեց «Hold Me Closer» երգը:
Սփիրսը հոր ՝ Ջեյմս Սփիրսի խնամակալության տակ է եղել 2008 թվականից։ Ամերիկյան դատարանը որոշել է դադարեցնել հոր խնամակալությունը։ Այժմ երգչուհու ունեցվածքը վերահսկելու է հաշվապահ Ջոն Զաբելը, որին ընտրել են երգչուհին և նրա փաստաբանը: Իսկ աստղի անձնական խնամակալը Ջոդի Մոնտգոմերին է։
Ավելի վաղ Սփիրսի հայրը պահանջել էր իրեն վճարել մոտ երկու միլիոն դոլար՝ նախքան խնամակալությունից վերջնականապես հրաժարվելը։ Ջեյմս Սփիրսը հայտարարել է, որ այդ գումարն անհրաժեշտ է դատական ծախսերը մարելու համար։