ԱԺ–ում մեկնարկեց աշնանային նստաշրջանը. ընդդիմությունը չի վերադարձել

ԱԺ–ում մեկնարկեց աշնանային նստաշրջանը
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստին ներկա չեն, թեև նախապես չէին բացառել, որ սեպտեմբերից կվերադառնան խորհրդարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր մեկնարկեց ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը։ Նիստին մասնակցում է 60 պատգամավոր։
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստին ներկա չեն, թեև նախապես չէին բացառել, որ ապրիլին հայտարարած բոյկոտից հետո խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն։
Սեպտեմբերի 12-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 45 հարց: Դրանց թվում են նաև արդեն իսկ աղմուկ հանած` «Զենքի շրջանառության կարգավորման մասին», «Հավաքների ազատության մասին», «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։
ԱԺ–ն այս շաբաթ քննարկելու է նաև Սահմանադրական դատարանի դատավորներ Սեդա Սաֆարյանի ու Հովակիմ Հովակիմյանի ընտրության հարցերը, ինչպես նաև ընտրելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ։ Այս պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն առաջադրել է ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս օրերին։