Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Եվրոպայի հնգակի չեմպիոնն այս անգամ պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում 5։1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ։

Նշենք, որ Եվրոպայի հնգակի չեմպիոնն այս անգամ պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ:
97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Նշենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվել էր մեծ էկրան, որով երկրպագուները հետևեցին իրենց համաքաղաքացի մարզիկի եզրափակիչ գոտեմարտին։