ԱՄՆ-ն Կիևին տվյալներ է փոխանցում ԶԱԷԿ-ի գնդակոծման համար․ Պատրուշև

Նիկոլայ Պատրուշև. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նախազգուշացրել է, որ ԶԱԷԿ-ի հետ կապված սադրանքների հետևանքները կարող են աղետալի լինել Եվրոպայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային տվյալներ է տրամադրում Զապորոժիեի ԱԷԿ-ի հույժ կարևոր օբյեկտների տեղակայման մասին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Կեմերովոյում ազգային անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Ռադիացիոն անվտանգության լուրջ սպառնալիք է ներկայացնում Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի կրիտիկական օբյեկտների գնդակոծումը՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից մատակարարվող ծանր զենքով, թիրախների ընտրությունն իրականացվում է ԱՄՆ-ի կողմից», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է Պատրուշևը:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այդ սադրանքների հետևանքները կարող են աղետալի լինել ոչ միայն Ուկրաինայի ու Ռուսաստանի, այլև Եվրոպայի բնակչության մեծամասնության համար, իսկ իրենց ծավալներով կարող են գերազանցել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ատոմակայաններում տեղի ունեցած ողբերգությունները:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: