ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում քննարկել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հաղորդագրության համաձայն` քննարկումը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:
«Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ընդգծել է քաղաքն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովելու կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցով:
Նշենք, որ Ակադեմիական քաղաքը նախատեսվում է տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության` ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ բուհերի շենքերի վրա «աչք ունեն» շատերը, և դրանք հյուրանոցի վերածելու մտադրություն կա։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այդ լուրերը բնորոշել էր որպես հիվանդ երևակայության արդյունք։