ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Caucasus Heritage Watch (CHW) պլատֆորմը հրապարակել է ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը 1997-2011 թվականներին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ամբողջությամբ ավերել է առնվազն108 հայկական վանք, եկեղեցի և գերեզմանոց։
CHW-ն օգտագործել է բարձր որակի արբանյակային պատկերներ՝ վավերագրելու հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը:
Այս ցուցանիշը ներկայացնում է հայկական մշակութային ժառանգության 98%-ը, որը հետազոտողները կարողացել են բացահայտել։ Այս գտածոներն առաջին անգամ համոզիչ ապացույցներ են տալիս, որ հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության բնորոշ գիծն է։
Ուսումնասիրության մեջ նշվում է` իզուր չէ, որ մտավախություն կա, որ Արցախում ևս հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացում տեղի կունենա։ CHW-ն 44–օրյա պատերազմից հետո արդեն փաստագրել է հայկական պատմամշակութային ժառանգության 6 հաստատված ավերածություններ, 7 հաստատված վնասման դեպք և վտանգի տակ գտնվող 17 շինություն։
2021 թվականի դեկտեմբերին, մասնակիորեն հիմնվելով CHW զեկույցների վրա, միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության վրա հարձակումները հանդիսանում են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտում:
Դատարանն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրեց «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգության վրա վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և դրանք կատարաողներին պատժելու համար…»:
Դրանից երկու ամիս անց Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարեց հայկական վանքերից ու եկեղեցիների պատերից հայերեն արձանագրությունները հեռացնելու ծրագրի մասին։ Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց «Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։
Ուսումնասիրության մասին լրացուցիչ տեղեկություններ և հուշարձանների ոչնչացման կոնկրետ օրինակներ կարելի է գտնել նշված կայքում։