Ադրբեջանական կողմը կրակել է Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ

Կիսված Թաղավարտը. Արխիվային լուսանկար
Կրակոցների հետևանքով երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում է տուժել, մեկ տուն` Թաղավարդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը այս գիշեր` ժամը 04:00-04: 30-ի սահմաններում տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր է բացել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ դրանք տևել են շուրջ30 րոպե։
«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։ Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը»,–գրել է Ստեփանյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
Նշենք, որ Ադրբեջանին ՊՆ–ն վերջերս հաճախ է ապատեղեկատվություն տարածում, թե հայկական կողմը կրակ է բացել հայ–ադրբեջանական սահմանի դիրքերի ուղղությամբ, ինչը ՀՀ ՊՆ–ն հերքում է։ Վերջին նման հայտարարությունը եղել է այսօր, որով հայտնել են, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, ինչը ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքել է։