Սուբվենցիոն ծրագրով դեռ մեկ տարի առաջ ձեռք բերված միկրոավտոբուսները Գյումրիում տրանսպորտի խնդիրը չեն լուծել, մարդիկ շարունակում են ժամերով կանգառներում մնալ։ Տեխնիկական ու փաստաթղթային խնդիրների պատճառով նոր միկրոավտոբուսները մոտ մեկ տարի անգործության էին մատնված, միայն մեկ ամիս առաջ 66 միկորավտոբուսից շահագործման հանձնվեց ընդամենը 13-ը։ Դրանք սպասարկում են ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը, որը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնին կապող թիվ 25/5 երթուղին է։
Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանն ասում է, որ հաջորդը, ամենայն հավանականությամբ, կթարմացվեն 12 և 24 համարի երթուղիները: Մյուսների «մուտքը» քաղաք կլինի աստիճանաբար:
«Այս պահին նոր միկրոավտոբուսներով կսպասարկվեն այն երթուղիները, որոնց փողոցները համեմատաբար բարվոք վիճակում են»,- նշում է Սարուխանյանը:
Գյումրի. կանգառում սպասող մարդիկ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Դատելով այս հայտարարությունից ու քաղաքում ճանապարհների վիճակից` կարելի է ենթադրել, որ տրանսպորտային խնդիրը շատ թաղամասերում դեռ երկար ժամանակ բնակիչների համար առաջնային կլինի։ Օրինակ` Սավոյան փողոցի բնակիչները տրանսպորտից նորմալ օգտվելու հնարավորություն դեռ երկար ժամանակ չեն ունենա: Քանդված փողոցների պատճառով երթուղայիները շրջանցում են կանգառները:
«26 համարի պատճառով առավոտ աշխատանքից ուշանում ենք, երեկոյան ուշ տուն հասնում, էլ չասեմ, թե ինչ վիճակով ենք երթևեկում։ Նույն խնդիրը նաև 14, 18 համարի երթուղիների դեպքում է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Գյումրու բնակիչ Կարինե Հարությունյանը:
Մեկ այլ բնակիչ` Հովհաննես Ենգոյանը, պատմում է, որ շաբաթ-կիրակի ավելի երկար է ստիպված լինում տրանսպորտի սպասել, իսկ երեկոյան, եթե որոշես հյուր գնալ, պետք է 18:00-ից ուշ տանից դուրս չգաս, կամ էլ հույսդ տաքսու վրա դնես:
Տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետը կարծում է, որ եթե նույնիսկ բոլոր նոր միկրոավտոբուսները շահագործվեն, խնդիրը քաղաքում չի լուծվի՝ նոր միկրոավտոբուսներ էլի են պետք: Դրա մասին վկայում են այսօրվա գերծանրաբեռնված երթուղիները: «Գյումրու համայնքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը ևս 25 նոր միկրոավտոբուսներ ստանալու խնդրով»,- տեղեկացնում է նա:
«Վանանդ» ՀԿ նախագահ Համլետ Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ 2017 թվականին իրենց կազմակերպությունը ներքաղաքային տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ է իրականացրել: «Հիմա, 5 տարի անց, միայն մի բան է փոխվել. քաղաքի փողոցներն են փոքր-ինչ բարեկարգվել: Տրանսպորտի աշխատանքը նույնն է մնացել, բարվոք վիճակում է միայն նոր միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղին` 25/5-ը»։
Ի դեպ, Գյումրիում հիմա 9 երթուղի է գործում, նոր փոխադրամիջոցների մուտքից հետո քաղաքը կունենա 7 երթուղի՝ 2 երթուղի կպակասի որոշ ուղղություններ երկարացնելու հաշվին: Նոր միկրոավտոբուսների աշխատանքը համակարգելու և քաղաքի նոր երթուղիները սպասարկելու համար Գյումրու քաղաքապետարանին կից ստեղծվել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։ Նշենք, որ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին նոր միկրոավտոբուսների համար ուղեվարձի փոփոխություն չի արել՝ մի քանի ամիս այսպես աշխատելուց հետո նոր պարզ կդառնա` այդ գինը կպահպանվի, թե կփոփոխվի:
Հավելենք, որ օրերս Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում պետք է անցկացվեր «Նորը հանրային տրանսպորտը» թեմայով քննարկում, որին հրավիրվել էր նաև «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ շահագործման բաժնի պետ Սողոմոն Գրեյանը։ Վերջինս քննարկումից մեկ րոպե առաջ հեռախոսով հայտնեց, որ զարկերակային ճնշումը բարձրացել է, չի կարող մասնակցել։ Իսկ Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանը, ներկայանալով քննարկման և տեսնելով լրատվամիջոցներին, հրաժարվեց այդ ձևաչափով մասնակցել և լքեց տարածքը: Հենց այս վերաբերմունքն էլ, ըստ ներկաների, խոսում է այն մասին թե ինչու Գյումրիում տրանսպորտը «հոգեվարքի» մեջ: