ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. 2022թ–ի առաջին կիսամյակում Հայաստանի վառելիքի լցակայաններում տեսչական մարմինն իրականացրել է 80 ստուգում։ Հայտնաբերվել է 68 խախտում, որոնցից միայն 5-ն է վերաբերել թերլիցքավորումներին։
Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը` ներկայացնելով ստուգումների վիճակագրական ցուցանիշները։
Ասոյանը նաև համեմատության համար նշեց, որ 2021թ–ի նույն ժամանակահատվածում իրականացված 106 ստուգման արդյունքում հայտնաբերվել էր 89 խախտում, որոնցից թերլիցքավորումներին վերաբերել է 11-ը։
«Կարծում եմ` սա լավ ցուցանիշ է»,– ասաց գրասենյակի ղեկավարը` կարծիք հայտնելով, որ 2022թ–ին հայտնաբերված 5 խախտումը վկայում է այն մասին, որ ձեռնարկված իրավական կարգավորումներն այս ոլորտում արդյունավետ են եղել։