Զապորոժիեի ատոմակայանի վերջին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է

Զապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի վարչակազմի խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին գործող էներգաբլոկն այլևս էլեկտրաէներգիա չի արտադրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատող վերջին՝ 6-րդ էներգաբլոկը կանգնեցվել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում միակ էներգաբլոկը՝ 6-րդը, աշխատում էր նվազագույն հզորությամբ։ Գիշերը, ժամը 3.45-ին այն դադարեցրել է աշխատանքը։ Հիմա այն էլեկտրաէներգիա չի արտադրում», - ասել է Ռոգովը։
Ավելի վաղ տարածաշրջանի իշխանությունը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի կողմից կայանի մշտական գնդակոծությունների ֆոնին դիտարկվել է ԱԷԿ-ի աշխատանքն ամբողջությամբ դադարեցնելու տարբերակը:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: