ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հրաչյա Պողոսյանը հաղթանակ տարավ։
63 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ եւ հաղթանակի հասավ 5:2 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Պողոսյանի մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Լիզատովիցչը:
2019 թվականի աշխարհի բրոզնե մեդալակիր Սլավիկ Գալստյանը համառ պայքարում վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ուկրաինացի Պարվիզ Նասիբովին:
Առաջին մրցափուլում 0:6 հաշվով պարտվելուց հետո Սլավիկ Գալստյանը երկրորդ մրցափուլում հաշիվը դարձրեց 7:6` իր առավելությամբ: Գոտեմարտի վերջնամասում մրցակիցը ևս մեկ միավոր վաստակեց: Գոտեմարտն ավարտվեց 7:7 հաշվով Պարվիզ Նասիբովի վերջին միավորի առավելությամբ:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա Մալխաս Ամոյանը, որը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի: Առաջին սփոփիչ գոտեմարտի մրցակից վրացի Լուրի Լոմաձեին հրաժարվել է պայքարից: Հաղթանակը շնորհվել է Մալխաս Ամոյանին: Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի բրոնզե մեդալի համար պայքարը կսկսի շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի հետ, որին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հաղթել է 9:0 հաշվով:
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոնը Արթուր Ալեքսանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Իգոր Ֆերնանդո Ալվիս դե Կեիրոս (Բրազիլիա) - Մեթեհան Բասար (Թուրքիա) զույգի հաղթողը: