ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերը սեպտեմբերի 1-ից 26 անգամ հրետակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը և Էներգոդար քաղաքը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը ռուսական զինված ուժերի կողմից ազատագրված տարածքում իրադրության ապակայունացման և խաղաղ բնակչությանը տառապանքներ պատճառելու նպատակով շարունակում է էներգետիկ ենթակառուցվածքի՝ տրանսֆորմատորային ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի դիտավորյալ գնդակոծումները», - նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ ռուսական ավիացիան և հրետանին հատուկ ռազմական գործողության ընթացքում խոցել են ուկրաինացի զինվորականների կառավարման ութ կետ:
Խոցվել են նաև հակառակորդի 43 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 103 շրջաններում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ Դոնեցկի Պետրովի շրջանի ուկրաինական գնդակոծությունների պատճառով սեպտեմբերի 10-ին հոսանքազրկվել են 19 տրանսֆորմատորային ենթակայան, առանց էլեկտրամատակարարման են մնացել ավելի քան 1600 քաղաքացիական օբյեկտներ:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 199-րդ օրը։