ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա երկու վիրավոր, հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, այսօր` ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում ԶԻԼ մակնիշի բեռնատարի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, առջևի անվահեծանի կոտրվելու պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ԶԻԼ–ի և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով` գլխիվայր շրջված ԶԻԼ-ը բարձված է եղել մի քանի տոննա պանրով, որը թափվել է ողջ ճանապարհով մեկ: