Միջուկային գործարքը կախված է ԱՄՆ-ի դիրքորոշման իրատեսությունից. իրանցի պաշտոնյա

Իրանի ներկայացուցչի խոսքով՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ավելի վաղ արված հայտարարությունը հանգեցնում է իրավիճակի բարդացման ու համաձայնության հասնելու նվազեցման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնի իրատեսական դիրքորոշման դեպքում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել մի քանի օրում: Al-Jazeera հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ «եվրոեռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը սպառնալիքի տակ է դնում գործարքի վերականգնման հեռանկարները: Համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ հատելով քաղաքացիական նկատառումներով արդարացումները։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ «եվրոեռյակի» հայտարարությունը հանգեցնում է իրավիճակի բարդացման ու նվազեցնում համաձայնության հասնելու լավատեսությունը:
«Այդ հայտարարությունը անաչառ չէ և ենթարկվում է ԱՄՆ-ի ցանկությանը։ Եթե ամերիկյան դիրքորոշումը համապատասխանի իրականությանը, այս համաձայնագրին կարելի է ընդամենը մի քանի օրում հասնել», - նշել է նա։
Պաշտոնյան նախազգուշացրել է առաջիկա օրերին ՄԱԳԱՏԷ-ի կուլիսներում սպասվող «թշնամական գործողությունների» մասին ու ընդգծել, որ Թեհրանին հարկավոր է համաձայնագրի տեքստը, որն ապագայում անհնար կլինի մեկնաբանել այս կամ այն կողմի օգտին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 9–ին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի գործարքի վերականգնման բանակցությունների մասնակիցները կարողացել են մի շարք բացեր վերացնել, սակայն Արևմուտքի առաջարկներին Թեհրանի վերջին պատասխանը հետ է շպրտել այդ թեմայով երկխոսությունը:
Սեպտեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները 19 անգամ գերազանցել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում նշված սահմանաչափը, իսկ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի քանակն անհամեմատ գերազանցում է այն ծավալը, որն անհրաժեշտ է հետագա հարստացման դեպքում միջուկային ռումբ ստեղծելու համար: