ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Վճռորոշ գոտեմարտում նա 7։1 հաշվով առավելության է հասել սերբ մարզիկ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
Մինչ այս Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որոնցում նախ հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա առավելության հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակիցը՝ վրացի Լուրի Լոմաձեն, հրաժարվել էր պայքարից:
Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը հավասար միավորներով պարտվել էր հունգարացի մրցակցին՝ զրկվելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից։
Մեդալ նվաճելու հնարավորությունը պահպանում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիրն ավելի վաղ ապահովել էր 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։