ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ամենավերջին այցը եղել է օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին օրերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր պատվիրակներն Ադրբեջանում տեսակցել են բոլոր նրանց, որոնց գերեվարումը հաստատել է ադրբեջանական կողմը։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով` հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։
ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
Նշենք, որ մինչև սեպտեմբերի 8–ը Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։
Սեպտեմբերի 8–ին հայկական կողմին փոխանցվեցին 5 հայ ռազմագերիներ։
Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։