Հայ առաքելական եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

Կաթողիկոս Գարեգին Բ–ն պատարագ է մատուցում. Արխիվային լուսանկար
Ըստ ավանդույթի` տոնի նախօրեին կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում` կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է:
Ըստ ավանդույթի` տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն` ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: