Դրամահավաք՝ հաշմանդամների և ՄՈւԿ ունեցող երեխաների համար մարզասարք թողարկելու նպատակով

Մարզասարք՝ հաշմանդամների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար
Մարզասարքը բաղկացած է տվիչներով քայլակից, որոնք արձանագրում են բուժառուների թույլ շարժումները և ուժեղացնում են դրանք, ինչպես նաև վերականգնողական խաղերով վիրտուալ իրականության սաղավարտից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հաշմանդամների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար հայկական մարզասարքի թողարկման նպատակով դրամահավաք է սկսվել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց QaylMed ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը, նախատեսվում է հավաքել 75 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 185 հազար դոլար), որով հնարավոր կլինի պատրաստել 35 մարզասարք ու բաժանել կարիքավորներին:
Դավիթ Արսենյան
Ցանկացողները կարող են միջոցներ տրամադրել այստեղ։ Մարզասարքի մոդելը ներկայացված է հետաքրքրաշարժ գիտության քաղաքում, որը բացվել է Ազատության հրապարակում՝ Starmus գիտությունների և արվեստի փառատոնի շրջանակներում։
«2 ամսում մենք արդեն հանգանակել ենք 15 սարքի համար, դոնորներ կան թե Հայաստանից, թե արտերկրից»,-ասաց Արսենյանը։
Հավաքված միջոցների մի մասը կօգտագործվի տեխնոլոգիայի հետագա կատարելագործման համար, որպեսզի այն հնարավոր լինի արտահանել, հավելեց նա:
Ինչպես գրել էինք ավելի վաղ, Դավիթը մասնագիտությամբ կինեզիոլոգ է։ Ինժեներների և ծրագրավորողների թիմի հետ միասին նա քայլակ-մարզասարք է հավաքել։ Դրան տվիչներ են միանում, որոնք արձանագրում են ձեռքերի և ոտքերի շարժումները (երբեմն հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների մոտ դրանք այնքան թույլ են, որ առանց տվիչների անհնար է որսալ)։
Այնուհետև այդ շարժումները ուժեղացվում են, որպեսզի մկանները իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ ծանրաբեռնում ստանան: Վերջապես, մարզասարքին կցված է վիրտուալ իրականության սաղավարտ՝ միջավայրով կամ խաղերով, որոնք նույնպես կազմել են QaylMed-ում։
Մանկական ուղեղային կաթվածը դատավճիռ չէ, կամ Աննայի հուզիչ պատմությունը
Խաղերը կազմված են այնպես, որ դրանցում պետք է շարժումներ կատարել, որոնք անհրաժեշտ են վնասված հյուսվածքների կամ ձեռքերի, ոտքերի, հենաշարժողական ապարատի նյարդային հանգույցների վերականգնման համար։ Բացի այդ, դրանք հուզական ֆոն են ստեղծում, որը շատ կարևոր է ուղեղի նյարդային կենտրոններն ակտիվացնելու համար։