ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շուտով կարող է նշանակվել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 13-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգում։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. Տիգրան Ավինյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալ»,– նշված է նախագծում։
Նշենք, որ այս պահին Երևանը չորս փոխքաղաքապետ ունի, տեղակալի ևս մեկ հաստիք էլ թափուր է։ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։
Ընտրություններից մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանից բացի հայտնի է նաև քաղաքապետի մեկ այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել։