Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. նա կպայքարի աշխարհի չեմպիոնի 4-րդ տիտղոսի համար

Արթուր Ալեքսանյանը. Արխիվային լուսանկար
Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Սարավին հանդիպել էին Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ աշխարհի եռակի չեմպիոնը 4։1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր և կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար:
97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Սարավին հանդիպել էին Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ աշխարհի եռակի չեմպիոնը 4։1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:
Եվրոպայի հնգակի չեմպիոնն այս անգամ պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: