ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Բալակլեայից և Իզյումից ՌԴ զորքերը վերախմբավորվել են Դոնեցկի ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներին հասնելու համար որոշում է ընդունվել վերախմբավորել Բալակլեայի և Իզյումի շրջաններում գտնվող ռուսական զորքերը` Դոնեցկի ուղղությամբ ջանքերն ավելացնելու համար:
Այդ նպատակով երեք օրվա ընթացքում իրականացվել է զորքերի Իզյում-Բալակլեայի խմբավորման՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք տեղափոխման գործողությունը»,-ասել են գերատեսչությունում։
Այնտեղ հավելել են, որ «այդ գործողության ընթացքում անցկացվել են մի շարք շեղող և ցուցադրական միջոցառումներ՝ զորքերի իրական գործողությունների նշումով»:
ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երեք օրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան երկու հազար ուկրաինացի և օտարերկրյա գրոհային, ինչպես նաև ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա և հրետանի։
«Ռուսական զորքի կորուստ թույլ չտալու նպատակով հակառակորդի ուղղությամբ հզոր կրակային հարվածներ են հասցվել ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու կիրառմամբ»,-ասել են գերատեսչությունում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։