Վթար Երևան–Մեղրի ճանապարհին. BMW–ն հայտնվել է ջրատարում

Մինչ փրկարարները կհասնեին դեպքի վայր, վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը վթար է եղել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 10-ի գիշերը` ժամը 04։53-ին, Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 1981 թ–ին ծնված վարորդ Ա. Ա.–ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:
Վթար Սյունիքում. 5 տուժածներից 4-ը պատանիներ են
Մինչ փրկարարների հասնելը վարորդն արդեն դուրս է բերվել ավտոմեքենայից։
Նրան տեղափոխել են Վայքի հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: