Ոտքերից բետոնե սյուներ է կապել ու գցել ջրամբարը. Բերքաբերի սպանության մանրամասները

57–ամյա տղամարդն իր զոհին արդեն մահացած վիճակում է տարել Բերքաբեր գյուղ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանությունը բացահայտել է Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի ջրամբարում հայտնաբերված քաղաքացու սպանության հանգամանքները։
Պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 17։30-ի սահմաններում, Այգեհովիտ գյուղի 57-ամյա բնակիչն այգիներից մեկում որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ.-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև դիակը թաքցնելու նպատակով իր «ԳԱԶ-24» մեքենայով տեղափոխել է Բերքաբեր գյուղ և ոտքերից բետոնե սյուներ կապելով, գցել էր լիճը:
57-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած համարվող Արագածավան բնակավայրի բնակիչ է` ծնված 1961թ.-ին:
Սեպտեմբերի 8-ին սպանության կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Իջևանի բաժին էր տեղափոխել Այգեհովիտ բնակավայրի 57-ամյա բնակիչը: