«Սուրմալուի» և «Փեթակի» առևտրականները գործադուլ են սկսում. պահանջը մեկն է` բացել ճանապարհը

«Սուրմալուի» պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակվել էր։ Օգոստոսի 23-ից այն միակողմանի բացվեց: Բայց այդ երթևեկությունն, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, թույլ չի տալիս, որ տվյալ հատվածում գտնվող առևտրի տաղավարները բնականոն գործեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 ամիս անց, Երևանի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` սպառնալով իրենց խնդիրները չլուծելու դեպքում գործադուլ սկսել։
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցների բողոքի ակցիան
Նրանց խոսքով` պայթյունից հետո շուրջ 200 մարդ չի կարողանում աշխատել։ Պատճառն, ըստ նրանց, պատահարից հետո Քրիստափորի փողոցի նախ փակ, ապա միակողմանի փակ լինելն է։
Նրբերշիկները թափել են, դպրոցական իրերն էլ չեն սպառվել. ի՞նչ է կատարվում «Փեթակում»
«Ճանապարհը փակ է, դրա համար էլ ոչ մի մարդ չի գալիս»,– լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխատակիցներից մեկը։
«Փեթակի» ճանապարհը
Մեկ ուրիշի խոսքով էլ` հաճախորդների թվի նվազմանը նպաստել են նաև «Փեթակ» առևտրի կենտրոնի անվտանգության մասին պետական մակարդակով արված հայտարարությունները։
««Փեթակ» տոնավաճառում մոտ 800-900 առևտուր անողներ կան` ՍՊԸ–ներ, ԱՁ–ներ, նույնը` «Սուրմալուն»։ Հիմա որ այսքան մարդ անգործ մնա, որտե՞ղ պետք է տեղավորվեն, տեղ չկա»,– ասաց առևտրականներից մեկը։
Խնդիրն այն է, որ «Սուրմալուի» պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակվել էր։ Օգոստոսի 23-ից այն միակողմանի բացվեց: Բայց այդ երթևեկությունն, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, թույլ չի տալիս, որ տվյալ հատվածում գտնվող առևտրի տաղավարները բնականոն գործեն։ Հաճախորդները խուսափում են մտնել միակողմանի փողոց։
Քրիստափորի փողոցը գտնվում է «Փեթակի» ու «Սուրմալուի» մեջտեղում, երկու առևտրի կենտրոնները փողոցի երկու կողմերում են` իրար դիմաց, հտևաբար այս փողոցից օգտվում են միաժամանակ երկու առևտրի կենտրոնների թե՛ աշխատողները, թե՛ հաճախորդները։
Պաշտոնապես հայտարարվել է, որ ճանապարհը միակողմանի է գործելու մինչև տարեվերջ։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանան