ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան գավաթի առաջին մրցաշարը, որին մասնակցեցին Այգեհովիտի, ինչպես նաև Տավուշ, Կոթի և Հաղարծին համայնքների դպրոցականների ֆուտբոլիստները։ Հաղթող ճանաչվեց Տավուշի դպրոցականների թիմը։
Ռոման Բերեզովսկու անվան գավաթի առաջին մրցաշարի հաղթող թիմը
© Photo : press centre of Russian House in Yerevan
Հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ՀՀ սահմանամերձ մարզերում երեխաների համար կազմակերպում է ֆուտբոլային մրցաշար, որի հաղթողը ստանալու է իր անվան գավաթը։ Ամեն մարզում լինելու է 4 թիմ` մարզերի դպրոցները պետք է թիմեր ստեղծեն, հետո կանցկացվի 2 եզրափակիչ խաղ։ Մասնակիցները հիմնականում 12-13 տարեկան պատանիներն են։
«Չեք պատկերացնի, թե ինչպիսի ոգևորություն էր համակել փոքրիկներին։ Մրցաշարն, անշուշտ, ծառայեց իր նպատակին, և պատանիներն ավելի շատ սիրեցին ֆուտբոլն ու առողջ ապրելակերպը։ Շատերի մոտ իհարկե առաջացավ ապագայում ֆուտբոլով ավելի լրջորեն զբաղվելու ցանկություն։ Ոգևորությունը տեղին էր, ինչն էլ կօգնի սահմանամերձ համայնքներում մարզաձևի զարգացմանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այգեհովիտի դպրոցի տնօրեն Արմեն Մելքոնյանը։
Ռոման Բերեզովսկու անվան գավաթի առաջին մրցաշարի մասնակիցներից մեկը
© Photo : press centre of Russian House in Yerevan
Նա նշեց. որ Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Տավուշի մարզում և ամեն կերպ ջանում է խթանել մարզաձևի մասսայականությունը հատկապես պատանիների շրջանում։ Տավուշի մարզում ֆուտբոլը զարգացնելու համար, ըստ Մելքոնյանի, առկա են բոլոր հնարավորությունները, միայն թե գործով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները։
Ռոման Բերեզովսկու անվան գավաթի առաջին մրցաշարը Այգեհովիտում
© Photo : press centre of Russian House in Yerevan
«Երբ լեգենդար Բերեզովսկին պաշտպանում էր մեր ազգային հավաքականի դարպասը, պատանիներից շատերը կա՛մ չէին ծնվել, կա՛մ նոր էին լույս աշխարհ եկել, հետևաբար նրան ընդհանրապես չէին կարող տեսնել, բայց քանի որ նրա մասին շատ են լսել, նրա խաղին ծանոթ են տեսանյութերից, նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ»,–ասաց Մելքոնյանը։
Նշենք, որ հաջորդ մրցաշարը լինելու է սեպտեմբերի 15-ին Վայոց Ձորի Վայք քաղաքում, իսկ սեպտեմբերի 17-ին` Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որտեղ Ռոման Բերեզովսկին սկսել է իր կարիերան։
Խաղերը լինելու են ամենամյա, կազմակերպիչներն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Երևանում Ռուսական տունը և «Բարության ճանապարհ» ՀԿ–ն։