Նույն գնդակը դիպել է և՛ թոռանը, և՛ տատին. ոստիկանությունը պարզել է Մանանդյան փողոցի դեպքը

Երևանյան մի բնակարանից սեպտեմբերի 9-ի երեկոյան հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 25-ամյա երիտասարդ ու նրա 89-ամյա տատը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը պարզել է Երևանում երեկ երեկոյան կատարված դեպքի մանրամասները, որի հետևանքով տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ 25-ամյա թոռը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է նաև 89-ամյա տատի ոտքը:
Զենքն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 9-ին` ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ: