ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող 14, 16 և 18 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնությանը գերազանց է ելույթ ունեցել 18-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը, որն իր տարիքային խմբում տարել է 4 անընդմեջ հաղթանակ և այժմ միանձյա գլխավորում է աղյուսակը:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում նա սևերով կմրցի մոնղոլացի Բատ-Էրդենե Մունգունզուլի հետ:
Հաջող է հանդես գալիս նաև 14-ամյա Անի Ավետիսյանը։ Նա հաղթանակ է տարել ընթացիկ տուրում և 3,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Հայաստանի պատանի շախմատիստներից 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը 4-րդ տուրում տարել է թվով 3-րդ հաթանակը և այժմ 3,5 միավորով կիսում է 1-7-րդ հորիզոնականները: Այսօր նա սևերով կհանդիպի լեհ միջազգային վարպետ Յոնաս Բաումի հետ:
16-ամյա Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը ևս վաստակել են 3,5-ական միավոր, սակայն դեռևս հետ են մնում ուկրաինացի Արտեմ Լուցկոյից, որն ունի 100–տոկոսանոց արդյունք: Առաջնություններն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 11 տուրից: