ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական իշխանությունները փորձում են խնդիրներ ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործման համար, որպեսզի այն շարքից դուրս գա և կանգ առնի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները միակողմանի կարգով դադարեցրել են էլեկտրաէներգիայի հոսքը Զապորոժիեի ԱԷԿ-ից և «դիտավորյալ չեն ընդունում էլեկտրաէներգիան, թեև այնտեղ էներգիա ուղարկելու տեխնիկական հնարավորություն կա»։ Ընդ որում`ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վնասված է, օպերատորը դիտարկում է միակ աշխատող ռեակտորը կանգնեցնելու հնարավորությունը:
«Ուկրաինական կողմից դիտմամբ փորձում են խնդիրներ ստեղծել, որպեսզի հոսք չլինի և լարումը չիջնի, ռեակտորի ծանրաբեռնվածությունը մեծանա և, համապատասխանաբար, տուրբինը մաշվի։ Դա գիտակից սադրանք է, որպեսզի ատոմակայանը շարքից հանեն և կանգնեցնեն»,-գործակալությանը ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները գործում են Վաշինգտոնի հրահանգով, որտեղ հանդես են գալիս ատոմակայանի կանգնեցման օգտին:
Նրա խոսքով՝ այժմ Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել ամենացածր հզորությամբ։
«Այս պահին աշխատում է վեց էներգաբլոկներից միայն մեկը, այն էլ գործարկվել է իր նախագծային հզորության 12-15 տոկոսի սահմաններում»,-ասել է Ռոգովը:
Նա նշել է, որ այժմ քննարկվում է այն հարցը, թե ինչ պետք է անել ատոմակայանի հետ։ Մի քանի տարբերակ կա․ շարունակել գեներացիան կամ կոնսերվացիա իրականացնել՝ սառը կանգնեցման մեթոդով։ Ընդ որում` նույնիսկ ատոմակայանի կոնսերվացումը չի երաշխավորում անվտանգության մակարդակի բարձրացումը, քանի որ բաց հարթակներում գտնվում է միջուկային վառելիքի թափոնների չոր պահեստարանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։