ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 2022թ–ի առաջին կիսամյակի տվյալներով`հայկական անձնագրերով երկիր մուտքի ու ելքի տարբերությունն անցյալ տարվա համեմատ կրկնակի կրճատվել է։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը` անդրադառնալով արտագաղթի ու աշխատանքային միգրացիայի խնդիրներին։
Նրա խոսքով` 2022թ–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների անձնագրերով ՀՀ սահմանահատումների`մուտքերի ու ելքերի տարբերությունը կազմել է շուրջ 39 000։
2021թ–ի ամբողջ տարվա ընթացքում այդ ցուցանիշը 94 000 է եղել։ Ընդ որում` թե՛ մեկնողների, և թե՛ վերադարձողների դեպքում ճնշող մեծամասնությունը կազմում են դեպի ՌԴ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերը, ինչը, թերևս, վկայում է աշխատանքային միգրացիոն հոսքերի մասին։
Այս տեսակետից Արմեն Ղազարյանը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ Հայաստան վերադարձողների թիվն ավելի է մեծանալու։
«Գիտենք, որ դա կրում է սեզոնային բնույթ, հիմնականում տարեվերջին իրավիճակը փոխվում է` պայմանավորված աշխատանքային միգրանտների վերադարձով»,– ասաց նա։
Ի դեպ` ՀՀ Միգրացիոն ծառայության պետը նաև նկատում է, որ աշխատանքային միգրացիայի ծավալներում այս տարի որոշակի նվազում է արձանագրվել։
Իսկ զբոսաշրջային հոսքերը հակառակը` ավելացել են։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանողների թիվը 16 000–ով գերազանցել է Հայաստանից մեկնողների ցուցանիշը։
Նշենք, որ Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ–ից արտագաղթը վերջին տարիներին լուրջ ծավալների է հասել։ Պաշտոնական տվյալները, սակայն, այդ մտավախությունները չեն հաստատում։
Կասկածները փարատելու համար ՀՀ կառավարությունը որոշել է 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը հանրապետությունում մարդահամար անցկացնել։ Վերջին մարդահամարը Հայաստանում անցկացվել է 11 տարի առաջ` 2011թ–ին։ Դրա տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 871 509 է։