ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Ահաբեկիչների կողմից առևանգված երկու ուղևորատար ինքնաթիռները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին բախվել էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին՝ ամբողջովին ավերելով դրանք:
Ահաբեկիչների կողմից կառավարվող ևս մեկ ինքնաթիռ մխրճվել էր Վաշինգտոնում պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի մեջ։ Ահաբեկիչների առևանգած չորրորդ ուղևորատար օդանավն ընկել և ջարդվել էր Փիթսբուրգ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) մոտ: Պաշտոնական տվյալներով՝ Նյու Յորքում զոհվել է 2749, Վաշինգտոնում՝ 189, Փենսիլվանիայում՝ 44 մարդ։