ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վաղը՝ սեպտեմբերի 10-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որտեղ կմրցեն նաև հայ ըմբիշները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ հայ մարզիկներից պայքարը սկսում են հունահռոմեականները և առաջինը մրցագորգ են դուրս գալու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսելու է 1/16-ից՝ կորեացի մրցակցի հետ, իսկ Ամոյանը՝ 1/32-ից: Նրա մրցակիցը Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային է:
Բելգրադում Հայաստանի հավաքականի կազմում կմրցեն հունահռոմեական ոճի 8 և ազատ ոճի 6 ըմբիշ։
Ազատ ոճի հավաքականի կազմում ներգրավված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավակյանը (79 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):