ՍԱՏՄ տեսուչները մեկ օրում Երևանում և մարզերում կասեցրել են 245,4 կգ մսի վաճառքը

Մսի խանութ. Արխիվային լուսանկար
ՍԱՏՄ-ից հայտնում են,որ գործընթացը շարունակական է լինելու և արդյունքները հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և մարզերում կասեցրել են 245,4 կգ մսի վաճառքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես ՍԱՏՄ տեսուչները անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով:
Երևանում և Արագածոտնի մարզում ստուգվել է հնգական կազմակերպություն, Շիրակում՝ մեկ, Վայոց Ձորում՝ երկու կազմակերպություն, որտեղ խախտումներ չեն հայտնաբերվել,
Փոխարենը Արարատի մարզում ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 8,1 կգ մսի իրացումը։
Արմավիրի մարզում ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 9 կգ խոզի մսի իրացումը։
Գեղարքունիք ի մարզում ստուգվել է 6 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 113 կգ մսի իրացումը։
Լոռիում ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 13,3 կգ մսի իրացումը։ Կոտայքի մարզում ստուգված 4 կազմակերպություններից կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 30 կգ մսի իրացումը։
Միաժամանակ Սյունիքում կասեցվել է 22 կգ մսի իրացումը, Տավուշում՝ 50 կգ:
Նշվում է, որ գործընթացը շարունակական է լինելու, հանրությանը տեղեկություն կներկայացվի ամենօրյա կտրվածքով: